«Գրականությունը ինձ համար աշխարհը ճանաչելու, ընկալելու ուղի է, և ես իմ թարգմանություններով ուզում եմ իմ ճանաչած լավը, արժեքավորը հասանելի դարձնել հայ ընթերցողին»,- մեզ հետ զրույցում ասաց թարգմանչուհի ԳԱՅԱՆԵ ԳԻՆՈՅԱՆԸ: «Զանգակ», «Անտարես» հրատարակչությունների հետ համագործակցելով՝ նա ընթերցողին է ներկայացնում գերմանալեզու գրականության լավագույն նմուշները:
-Տիկին Գինոյան, ընտրություն կատարելն արդեն իսկ բարդ աշխատանք է, թարգմանելիս ի՞նչն եք ավելի շատ կարևորում` տվյալ ստեղծագործության հնչեղությո՞ւնը, թե՞ գրական արժեքը:
-Ինձ համար կարևորը տվյալ գործի գրական արժեքն է և քննարկված թեման: Թեև այն գրքերը, որ թարգմանել եմ, իսկապես մեծ հնչեղություն ունեն և ոչ միայն գերմանալեզու երկրներում:
-Թարգմանական գրականության շնորհիվ ընթերցողը առնչվում է համաշխարհային գրական գործընթացին: Այս առումով կա՞ հետաքրքրություն, պահանջարկ հայ ընթերցողի շրջանում:
-Կարծում եմ` այո: Ես նույնպես մի փոքր կասկածում էի, բայց անցյալ տարի «Գրքամոլ» ակումբն ինձ հրավիրեց գրական քննարկման` իմ մի թարգմանության՝ Բեռնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպի առիթով: Մեծ թվով երիտասարդներ էին ներկա: Հետաքրքիր էր լսել նրանց կարծիքները, խնդրի առաջադրած լուծումները: ՈՒրախ եմ փաստել, որ, այո՛, կա հետաքրքրություն գրականության հանդեպ:
-Ի՞նչ եք կարծում` հայ գրականությունը գերմանալեզու ընթերցողին կարո՞ղ է գրավել:
-Այդ հարցի պատասխանը ստանալու լավագույն տարբերակը հայ գրականությունը գերմաներեն ներկայացնելն է, միայն այդ դեպքում պարզ կդառնա՝ այն հետաքրքրո՞ւմ է օտարալեզու ընթերցողին: Ամեն դեպքում, գերմանացիների համար հայ գրականությունն ամբողջովին անծանոթ: է Ասում ենք` Նարեկացի ունենք, Քուչակ, բայց չենք ներկայացնում ինչպես հարկն է: Մենք պետք է անենք այդ գործը, որևէ մեկը մեր փոխարեն չի ներկայացնելու հայ գրողին:
Եթե գերմանական գրականությունը տարածվում է, դա գերմանացիների «մեղքով» է, նրանք շահագրգռված են, որ իրենց գրականությունը տարածվի տարբեր երկրներում: Կան ինստիտուտներ, որ զբաղվում են գրականության թարգմանության, տարածման հարցով, ինչպես, օրինակ, Գյոթեի անվան ինստիտուտը Գերմանիայում:
-Մշակույթի նախարարությունը իրականացնո՞ւմ է ինչ-ինչ ծրագրեր:
-Ես ծանոթ եմ հայերենից գերմաներեն արված թարգմանություններին: Դրանք քիչ են: Պարույր Սևակ, Եղիշե Չարենց է թարգմանված, մի քանի ստեղծագործություններ այս կամ այն ժողովածուում են լույս տեսել: Երբ տեսնում եմ հարևան Վրաստանում ինչ աշխատանքներ են տարվում վրաց գրականությունը տարբեր լեզուներով թարգմանելու ուղղությամբ, ապշում եմ պարզապես: Այդ երկրի մշակույթի նախարարությունը, Գրքի ազգային կենտրոնը համակարգված աշխատանք են իրականացնում: 2018-ին Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում Վրաստանը լինելու է հյուր պետություն, ու հիմա այդ ուղղությամբ աշխատում են, մեծ գումարներ ներդնում:
-«Թարգմանություններ հայերեն 1991-2013» գրքում ներկայացված տվյալների համաձայն` 1991-2013 թվականների ընթացքում հայերեն թարգմանություններ են կատարվել, առանձին գրքով հրատարակվել 32 աղբյուր լեզուներից: Գերմաներենը թարգմանության առաջատար լեզուների հնգյակում է, կազմում է ընդհանուր թարգմանությունների 3,2 տոկոսը: Բավարար համարո՞ւմ եք այն, ինչ ունենք այսօր գերմաներենի պարագայում:
-Ոչ, եթե հաշվի առնենք, որ գերմանալեզու գրականությունը եվրոպական երեք պետությունների գրականությունն է` Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա, ապա այդ երեք տոկոսը չնչին բան է, դա նշանակում է, որ ոչինչ չի արվել: Գերմանալեզու գրականությունը գրեթե ներկայացված չէ հայ ընթերցողին:
-Նույն աղբյուրի համաձայն` ամեն լեզու իր շրջանակն ունի, օրինակ, գերմաներենը հիմնականում ծառայել է ցեղասպանության մասին գրականության թարգմանությանը: Կարելի՞ է ենթադրել, որ այդ գործընթացը ավելի է աշխուժացել 2015-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում:
-Ես ամեն տարի գնում եմ Գերմանիա, հետաքրքրված եմ ցեղասպանության մասին գրականությամբ, ուսումնասիրում եմ, թե ինչ նորություններ կան: Գուցե մի քանի փաստաթուղթ, որոշ գրքեր թարգմանվել են ու ներկայացվել հայ ընթերցողին, բայց Հայոց ցեղասպանության մասին գերմաներեն նոր լույս տեսած արժեքավոր գործերի թարգմանություններ ես չեմ տեսել Հայաստանում:
-Ասում են` թարգմանիչներին հազվադեպ են հիշատակում, մինչդեռ նրանք արժանի են Նոբելյան մրցանակի։ Մեր երկրում թարգմանչի սոցիալական դերն ու նշանակությունը նման բնորոշումներից կարծես շատ հեռու են:
-Պորտուգալացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժոզե Սարամագոն ասել է. «Գրողը իր լեզվով ստեղծում է ազգային գրականություն, իսկ համաշխարհային գրականությունը ստեղծում են թարգմանիչները»: Այսինքն, թարգմանիչն օգնում է, որ ստեղծվի համաշխարհային գրականություն` ներկայացնելով տարբեր երկրների լավագույն ստեղծագործությունները: Հայաստանում թարգմանչի դեր ասվածը գոյություն չունի, նվիրյալ մարդիկ են, որոնք ինչ-որ ձևով ուզում են օտար մշակույթը ներկայացնել հայ ընթերցողին:
-Ավստրիացի գրող Առնո Գայգերի անունը հայ ընթերցողին հայտնի է «Ծեր թագավորը իր աքսորավայրում» («Զանգակ» հրատարակչություն, 2013 թ.) գրքի Ձեր թարգմանությամբ: Ովքեր կարդացել են գիրքը, կարծում եմ, կհետաքրքրվեն գրողի գործունեությամբ, նոր գործերով:
-Գայգերը գերմանալեզու գրականության հայտնություններից է: Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառը 2005 թվականից մրցանակ է շնորհում տարվա լավագույն ստեղծագործությանը: Մրցանակը հիմնվում է ընթերցողի կարծիքի վրա, մրցանակային ֆոնդը բավականին բարձր է: 2005 թվականին առաջինը Առնո Գայգերն է արժանացել այդ մրցանակին, դա առիթ հանդիսացավ, որ հետևեմ նրա գրականությանը և, կարդալով 2011 թվականին լույս տեսած վերը նշված ստեղծագործությունը, որոշեցի թարգմանել: Նա նոր գործեր շատ ունի, բայց ես փորձում եմ հայտնի գրողներին գոնե մեկական գործով ներկայացնել, որպեսզի հայ ընթերցողը պատկերացում ունենա գերմանալեզու գրականության մասին:
-Գայգերն իր վեպը գրել է հոր կենդանության օրոք, կարելի է ասել, գիրքը ծերության, հիվանդության մասին է, բայց սկզբից մինչև վերջ ժպիտով ես կարդում: Վեպի այս առանձնահատկությունն ինչպե՞ս կբացատրեք:
-19-րդ դարի գրականությունը նկարագրում էր մարդու վախը մահից, բայց արդյունաբերության զարգացման, բարեկեցության ծաղկման հետ առաջացավ վախ ծերությունից, հիվանդությունից: Ստեղծվեցին ֆիլմեր, գրքեր, ու Գայգերի վեպը համարվում է այդ թեմայով լավագույն գործերից մեկը: Նա ներկայացնում է հոր հիվանդությունը` ալցհայմերը, որ տարածված է Եվրոպայում, և պայքարը այդ հիվանդության դեմ, որի ընթացքում հոր և որդու, ընտանիքի մյուս անդամների միջև կապն ավելի է սերտանում ու նոր ջերմություն ձեռք բերում: Ինչ վերաբերում է ժպիտով կարդալուն, գերմանալեզու գրականությունն աչքի է ընկնում նուրբ, հաճելի հումորով, իսկ գրքում նկարագրված հարազատի, այս դեպքում՝ հիվանդ հոր նկատմամբ այդ սերն ու խնամքը ցանկացած ազգի ներկայացուցչի համար լավ օրինակ կարող են լինել: Թարգմանության ընթացքում ես հնարավորություն ունեցա հարցեր ուղղելու հեղինակին: Նա շատ սիրալիր, հասարակ մարդ է: Պատասխան նամակն այսպես էր սկսվում. «Շնորհակալ եմ, որ թարգմանել եք իմ հոր մասին գիրքը, իսկ Դուք չե՞ք ուզում իմանալ, թե ինչպես է զգում իրեն իմ հայրը»: Ես սարսռացի, մտածում էի` բավական ժամանակ է անցել ու գրքի հերոսն արդեն ողջ չէ: Գայգերը գրել էր, որ հայրը մշտապես պառկած է ու գրեթե չի արձագանքում շրջապատին: Երբ ցանկացանք հեղինակին հրավիրել Հայաստան, մասնակցելու թարգմանության շնորհանդեսին, Առնո Գայգերն ասաց, որ ուզում է հոր կողքին լինել նրա վերջին օրերին ու չի կարող երկրից բացակայել:
-Թարգմանական ի՞նչ նորություններ ունեք ընթերցողի համար:
-Հրատարակվել է ավստրիացի գրող Ինգեբորգ Բախմանի «Զիմուլտան» պատմվածքների ժողովածուն: Շուտով կլինի շնորհանդեսը:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ